Մարտի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում ծագումով ադրբեջանցի Հուսեին Գահրամանովին պատկանող «Ադմիրալ» առեւտրի կենտրոնում ծագած հրդեհի արդյունքում 5 մարդ զոհվել, 36 մարդ էլ վնասվածքներ են ստացել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Անդրեյ Ռադիգինը այսօր «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ անձնակազմը ոչ թե անմիջապես հրշեջ ստորաբաժանումներ է հրավիրել, այլ որոշ ժամանակ փորձել է կրակի դեմ պայքարել ինքնուրույն:
«Ադմիրալ» եռահարկ առեւտրի կենտրոնում խոշոր հրդեհի պատճառի գլխավոր վարկածներից մեկը շենքին կից սրճարանի աշխատակիցների անգրագետ գործողություններն են, որոնցից էլ սկսվել է հրդեհը: Հրշեջների ժամանման պահին հրդեհն արդեն ընդգրկել էր 100 քմ-ից ավելի տարածք, որտեղ գտնվում են առեւտրային կետերը», -ասել է նա:
Կազանի խոշորագույն առեւտրի կենտրոնում հրդեհը տարածվել է 4 հազար քմ տարածքի վրա: Շենքից տարհանվել է 650-ից ավելի մարդ: Շենքն ամբողջությամբ այրվել է: