Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը կարող է 20-րդ գումարման Կնեսետում վեցով ավելի տեղ նվաճել, քան Իցհակ Հերցոգի «Սիոնիստական ճամբար» դաշինքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Haaretz թերթը՝ հիմնվելով մարտի 17-ին Իսրայելում կայացած արտահերթ խորհրդ արանական ընտրությունների նախնական արդյունքների ամփոփման ընթացքի վերլուծության վրա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ «Լիկուդը» եւ «Սիոնիստական ճամբարը» հավասար թվով՝ 27-ական տեղ կստանան խորհրդարանում: Ինչպես ճշտել է ԿԸՀ-ն, Նաթանյահուի կուսակցությունը խորհրդարանում կարող է նվաճել 30 տեղ, իսկ Հերցոգի կողմնակիցների ճամբարը՝ 24:
Զգալի տարբերությամբ նրանց հաջորդում են Միավորված արաբական ցուցակը (14 տեղ), «Եշ Ատիդ» կուսակցությունը (11 տեղ), «Կուլանուն» (10 տեղ), «Հրեական տունը» (8), ՇԱՍ շարժումը (7), «Տորայի պահապանների շարժումը» (7), ռուսախոսների «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունն ստացել է ձայների 6 տոկոսը, «Մերեցը»՝ 4 տոկոսը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններում ռեկորդային մասնակցություն է գրանցվել վերջին տասնամյակի ընթացքում: Այն կազմել է 71,8 տոկոս: 2013 թվականին կայացած խորհրդարանական նախորդ ընտրություններում մասնակցությունը կազմել է 66,6 տոկոս, 2009-ին՝ 65,2 տոկոս, իսկ 2006-ին՝ 53,2 տոկոս: Էկզիտ-պոլերի տվյալներով՝ «Լիկուդը» եւ «Սիոնիստական ճամբարը» 27-ական մանդատ են ստացել:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ընտրությունների վերջնական արդյունքները պետք է խորհրդարանի պաշտոնական հանդեսում հրապարակվեն մինչեւ մարտի 25-ը: Խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա Իսրայել Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը Կնեսետում ընտրված կուսակցությունների ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներից հետո, պատգամավորներից մեկին կհանձնարարի կազմել նոր կառավարություն: