Եվրամիության անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են տարբերակված մոտեցում ցուցաբերել «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների նկատմամբ, Եվրամիությունը շեշտը կդնի գործընկերների պետական ինստիտուտների ամրապնդման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է միջազգային հարցերի վերաբերյալ ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում:

 

«ԵՄ-ն լիովին պաշտպանում է Արեւելյան գործընկերությունը: Նա տարբերակված մոտեցմամբ կամրապնդի հարաբերությունները բոլոր վեց գործընկերների հետ: Ջանքերը հատկապես պետք է ուղղված լինեն պետական շինարարության ոլորտում համագործակցության ուժեղացմանը, մարդկանց շփումներին, շուկայական հնարավորություններին եւ փոխադարձ կապերին»,- հայտարարել են ԵՄ-ի ղեկավարները:

 

ԵՄ-ն նաեւ «ակնկալում է, որ անդամ բոլոր երկրները արագորեն կվավերացնեն Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերը»:

 

ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը եւ Ադրբեջանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: