Լոնդոնում գտնվող «Արտաքին քաղաքականության կենտրոն» (Foreign Policy Centre) անկախ վերլուծական կազմակերպության տվյալներով' 2012-2013 թվականների ժամանակաընթացքում Եվրամիության երկրներում քաղաքական ապաստան ստանալու դիմում ներկայացրած Ադրբեջանի քաղաքացիները թիվը, 16 տոկոսով ավելանալով, կազմել է 2 հազար 360 մարդ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Eurasianet.org կայքում հրապարակված' «Ադրբեջանցիները քաղաքացիական հասարակությունը կառուցում են արտասահմանում» հոդվածում գրել է Նարգիզ Ռաշիդը: Նա նշել է, որ Ադրբեջանում ազատ խոսքի համար բանտախցի չափ տեղ է մնացել, ինչի հետևանքով շարունակում է աճել երկրից հեռացող ակտվիստների, իրավապաշտպանների և լրագրողների թիվը:

 

Նրա խոսքով' Ադրբեջանի կառավարության քաղաքականության հետ համաձայն չլինողները, որոնց դեռևս չեն հասցրել բանտ նետել, գնալով ավելի են զգում երկիրը լքելու կարիքը: Նման գնահատական է հրապարակել նաև միգրացիոն թեմատիկայով զբաղվող Բաքվի «Միգրացիայի ադրբեջանական կենտրոն» կազմակերպությունը, որը նշել է, որ Ադրբեջանից հեռացող այլադավանների թիվն անցյալ տարի ավելի է մեծացել, ըստ որի' այդ գործընթացին նպաստել է նաև այն, որ Ադրբեջանի կառավարությանը քննադատող ակտիվիստները և լրագրողները կամ կորցրել են աշխատանքը, կամ էլ ստիպված են եղել անցնել ցածր վարձատրվող աշխատանքի:

 

Նման կարծիք է հայտնել նաև քաղաքագետ, Բաքվի «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն: «2012 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղաքացիական հասարակության նկատմամբ կառավարության ճնշումները մեծացել են: Թիրախ են դարձել ոչ միայն ընդդիմադիրները, այլ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ակտիվիստները և լրագրողները: Ադրբեջանում քաղաքացիներին վախեցնում են, նետում են ճաղերի հետև, շատերը ստիպված փախել են Եվրոպա», -ասել է նա:

 

Կայքը հայտնում է, որ արտասահմանում ապաստան ստացած ադրբեջանցի բլոգեր Հաբիբ Մունթազարը գտնում է, որ Եվրոպայում բնակվող ադրբեջանցի այլադավանները ստիպված են իրենց աշխատանքում հենվել միայն սոցիալական ցանցերի վրա, քանի որ վախենում են այցելել Ադրբեջան: Նրա խոսքով' վիրտուալ քաղաքացիական հասարակությունը, որը ստեղծում են քաղաքական միգրանտները, «ավելի արդյունավետ է, քան իրականը»:

 

Բլոգերը հայտնել է նաև, որ բազմաթիվ ադրբեջանցի միգրանտներ հրաժարվել են շփվել իր հետ' վախենալով Ադրբեջանում մնացած իրենց ընտանիքների անդամների անվտանգության համար, քանի որ իրեն հայտնի մի քանի դեպքեր կան, երբ արտասահմանում բնակվող ադրբեջանցի այլադավանը մասնակցել է Ադրբեջանում մարդու ազատությունների ոտնահարման դեմ ակցիաներին կամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի' վերջերս Բեռլին կատարած այցի դեմ բողոքի ակցիային, ճնշումներ են գործադրվել Բաքվում բնակվող նրանց հարազատների նկատմամբ:

 

Այդուհանդերձ, հոդվածի հեղինակը վստահեցրել է, որ որոշ ադրբեջանցի միգրանտների չի վախեցնում նման վտանգը, և նրանք շարունակում են պայքարել ադրբեջանցի քաղբանտարկյալների իրավունքների համար ու վերլուծական նյութեր են հրապարակում Ադրբեջանի ճգնաժամային տնտեսության մասին:

 

Կայքն ավելի վաղ հայտնել էր, որ ձերբակալված լրագրողների թվով Ադրբեջանը գտնվում է միևնույն շարքում Թուրքիայի և Չինաստանի հետ: