Վերջին երեք տարում գնալով մեծացել է քաղաքական կամ ազգային եւ կրոնական խտրականության դրդապատճառներով Ադրբեջանից հեռացողների թիվը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով minval.az լրատվական կայքը, ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով' 2012 թվականին Եվրոպայում քաղաքական կամ խտրականության դրդապատճառներով ապաստան են խնդրել Ադրբեջանի 2088 քաղաքացի, 2013 թվականին' 2425, իսկ 2014 թվականի առաջին կեսին' 1145:

 

«Տարեկան Ադրբեջանից այնքան քաղաքական հետապնդվողներ են փախչում, որ նրանց թիվը կհերիքեր երկու քաղաքական կուսակցություն ստեղծելու եւ գրանցելու համար: Մի քանի տարվա ընթացքում Ադրբեջանից միայն Եվրոպա է հեռացել ադրբեջանական մի փոքր շրջանի չափ բնակչություն», -գրում է կայքը:

 

Դրա արդյունքում, երկրից փախչողների ընդհանուր թվով Ադրբեջանը՝ որպես Եվրոպայում ապաստան խնդրողների ծագման երկիր, ներկայում զբաղեցնում է 35-րդ տեղը' Եթովպիայի եւ Լիբիայի միջեւ:

 

Կայքը հայտնում է, որ մարդիկ Ադրբեջանից հեռանում են լավ կյանք փնտրելու ակնկալիքով: Նրանցից շատերն ասում են. «Զզվեցրել է կոռուպցիան, բիզնեսով զբաղվել չի ստացվում, աշխատավարձերն ու թոշակները խիստ ցածր են, ուզում ենք, որ գոնե մեր երեխաները եւ թոռները մարդավարի ապրեն»