ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ոլորտում հակակոռուպցիոն կարևոր քայլ է համարում հիվանդների իրազեկվածության բարձրացումը: Այս մասին լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ հնչեցված հարցին ի պատասխան նշեց նախարարը: Արմեն Մուրադյանի խոսքով՝ կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդը, կզբաղվի այն համակարգերով, որտեղ ռեգլամենտացված հարաբերությունները ցածր մակարդակի վրա են: «Ժամանակի պահանջ է, որ էլ ավելի բարձրացվեն ռեգլամենտացված' նախապես պայմանավորված չափագրման ենթարկվող հարաբերությունները:

 

Սա պետք չէ խառնել կոռուպցիոն այն երևույթի հետ, որը էպիզոդիկ կարելի է դիտարկել բուժհաստատություններում: Այս ուղղությամբ, իհարկե, շատ մեծ անելիքներ ունենք: Մենք ավելի հակված ենք չափագրված ստուգումներ ու աշխատանքներ իրականացնել, այդ չափագրման ընթացքում նաև իրազեկվածության մակարդակը մեծացնել: Իմ պաշտոնավարման մեկ տարին բավականին արդյունավետ է օգտագործվել այս ուղղությամբ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

 

Մյուս կարևոր քայլը, որ իրականացնում է նախարարությունը առողջապահական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով, թեժ գծի և զանգերի կենտրոնի հիմնումն է: «Այս ծառայությունները ևս ուղղված են իրազեկվածության բարձրացմանը: Օրական շուրջ 12 հազար զանգերի մասին է խոսքը, բնակչությունը բավարարավածություն է զգում այդ զանգերից, դրանց պատասխաններից: Այն թույլ է տալիս ամենօրյա օպերատիվ վիճակի մասին պատկերացում կազմել»,-հայտնեց Արմեն Մուրադյանը:

 

Կառավարության որոշմամբ' բժշկական ուղեգրումների ձևը փոխելը ևս նախարարը համարում է ծառայությունների որակը վերահսկելու կարևոր քայլ: «Կառավարության որոշմամբ համարակալվել, պաշտպանիչ շերտ է դրվել այդ ուղեգրումների վրա: Մենք կարող ենք տեսնել համապատասխան թվաքանակով, թե որ բուժհաստատությանն են տրված այդ ուղեգրումները: Եթե առաջանան խնդիրներ, կարող ենք տեսնել ուղեգրման ուղին ու այն վերահսկելի պահել»,-ասաց նախարարը:

 

Նրա խոսքով' ուղեգրումների նոր ձևը թույլ է տալիս հիվանդին ինքնուրույն որոշում կայացնել բուժհաստատության ընտրության հարցում, ոչ թե ուղեգրողը որոշի, թե որ բուժհաստատություն հիվանդը պետք է դիմի:

 

Մարտի 21-22-ին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները Ծակաձորում մասնակցեցին «Տուբերկուլոզի արդի հիմնախնդիրները» թեմայով դասընթացի:

 

ՀՀ կառավարությունը փետրվարի 19-ի նիստում որոշում կայացրեց ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի կազմում ընդգրկվելու են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ: