Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին պաշտպանել է երկրում ամերիկացի զինծառայողների ներկայության ժամկետի երկարաձգումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է NPR-ին տված հարցազրույցում: Պետության ղեկավարը նշել է, որ քաղաքացիների մեծամասնությունն ԱՄՆ-ի զորքերի հետագա ներկայության կարիքն ունի, իսկ այն պատկերացումները, թե աֆղանցիները դեմ են դրան, չեն համապատասխանում իրականությանը:
«Աֆղանստանի քաղաքացիներն այն կարծիքին են, որ Միացյալ Նահանգները որոշիչ նշանակություն ունի իրենց ապագայի համար»,-հայտարարել է Ղանին: CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում պետության ղեկավարը նշել է, որ Քաբուլին և Վաշինգտոնին «մերձեցրել է ողբերգությունը, այժմ կարելի է որոշակիորեն ասել, որ Աֆղանստանը և ԱՄՆ-ը ընդհանուր շահեր ունեն»: «Սպառնալիքները, որոնց մենք բախվում ենք ամեն օր, վտանգ են ներկայացնելու ամբողջ աշխարհի համար»,- հավելել է նա:
Աշրաֆ Ղանին մարտի 22-ին առաջին պաշտոնական այցով ԱՄՆ է ժամանել այն բանից հետո, երբ 2014 թվականի սեպտեմբերին ստանձնեց Աֆղանստանի նախագահի պաշտոնը: Ինչպես սպասվում է, մարտի 23-ին նա հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Նաև բանակցություններ են պլանավորված պետքարտուղար Ջոն Քերիի և պաշտպանության նախարար Էշթոն Քարտերի հետ:
Այն մասին, որ ԱՄՆ-ը պլանավորում է հրաժարվել մինչև տարեվերջ Աֆղանստանում տեղաբաշխված զորախումբը կրճատելուց, ԶԼՄ-ները հաղորդել էին մարտի կեսին: «Ասոշիեյթեդ պրես»-ի տվյալներով՝ հաջորդ տարի երկրում կմնա 9800 ամերիկացի զինծառայող: Ներկայումս նման խմբավորում կա Աֆղանստանում, բայց ավելի վաղ Պենտագոնը խոստացել էր այն մինչև տարեվերջ այն կրճատել գրեթե երկու անգամ՝ մինչև 5500 մարդ: