Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը չի պլանավորում բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրել երրորդ ժամկետով անընդմեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

«Ինչպես ասել եմ, ես իմ թեկնածությունը կառաջադրեմ երկրորդ ժամկետով, բայց այնուհետեւ, կարծում եմ, կգա նոր ղեկավարների ժամանակը»,- ասել է Քեմերոնը BBC-ին տված հարցազրույցում:

 

Վարչապետի պաշտոնում իրեն հնարավոր փոխարինողների թվում Քեմերոնը նշել է, մասնավորապես, թագավորության ներքին գործերի նախարար Թերեզա Մեյին, ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնին եւ Լոնդոնի քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնին:

 

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում Է, որ Մեծ Բրիտանիայում ընդհանուր ընտրությունները տեղի կունենան այս տարվա մայիսի 7-ին:

 

Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմերոնը վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2010 թվականի մայիսից: