ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ չի մասնակցելու պետության բարձրագույն պաշտոնի համար ընտրապայքարին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ հայտարարությունը նա արել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ներկայությամբ՝ ելույթ ունենալով Սպիտակ տան Վարդագույն պարտեզում:
«Իմ որոշման վրա ազդել է որդուս՝ Բոյի մահը,- նշել է նա:- Ես բավականաչափ ժամանակ չեմ ունենա հաջող նախընտրական արշավ կազմակերպելու համար»:
«Բայց ես չեմ պատրաստվում լռել»,- ասել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ իր կուսակցությանն օգնելու է ընտրություններում:
Հիլարի Քլինթոնը Բայդենի հայտարարությանն արձագանքել է Twitter-ում՝ նրան անվանելով «լավ ընկեր և մեծ մարդ»: Իր հերթին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու մրցարշավի ֆավորիտ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է նախագահական աթոռի համար պայքարել Քլինթոնի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: