ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի բարձրագույն պետական պաշտոնի համար երրորդ անգամ չէր պայքարի, նույնիսկ եթե երկրի սահմանադրությունը դա թույլ տար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտնել էր CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը ձայնագրվել է մի քանի օր առաջ:
Հարցին, թե երրորդ անգամ նա կառաջադրեր արդյոք իր թեկնածությունն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, եթե դա համապատասխաներ օրենքին, Օբաման բացասական պատասխան է տվել: «Ոչ, չէի առաջադրի: Նախ և առաջ, Միշելը ինձ դա թույլ չէր տա»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավարը:
Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններին մասնակցությունը միայն «հսկայական արտոնություն չէ»: Դա նաև «մեծ զոհաբերություններ է պահանջում ընտրարշավի մասնակիցներից… բացասաբար է ազդում ընտանեկան կյանքի վրա», պարզաբանել է Սպիտակ տան տերը:
Բացի այդ, նա համոզված է, որ նախագահության ինստիտուտը «մշտական նորացում» է պահանջում ի հաշիվ «նոր էներգիայի, նոր գաղափարների ու նոր գիտելիքների», հաղորդել է ՏԱՍՍ-ը: