Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ստրկության զոհերի հուշահամալիր Է բացվել Անդրատլանտյան ստրկավաճառության զոհերի հիշատակի միջազգային օրը՝ մարտի 25-ին: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան, Գլխավոր ասամբլեայի նախագահ Սեմ Կուտեսան եւ Աֆրիկայի երկրների դիվանագետներ:

 

«Ամերիկացի քանդակագործ Ռոդնի Լեոնի «Վերադարձի կամարը» կենտրոնակայանի տարածքում իր տեղն Է զբաղեցրել Իստ ռիվեր գետի ափին: Կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսքով՝ «հուշահմալիրը ՄԱԿ-ի կենտրոնակայանի տարածքում կգտնվի ի նշան այն 15 միլիոն տղամարդկանց, կանանց եւ երեխաների հիշատակի, որոնց հարկադրեցին ստրկավաճառների նավերով կտրել-անցնել Ատլանտյան օվկիանոսը, որպես հիշեցում այն վիթխարի թվով մարդկանց մասին, որոնք գնվեցին ստրկավաճառների կողմից, բայց չդիմացան դեպի Ամերիկա ճանապարհորդությանը»:

 

Լեոնի ստեղծած հուշարձանը հիշեցնում Է նավ. սպիտակ մարմարից կերտված չորսմետրանոց քանդակը բաղկացած Է դեպի վեր խոյացած մի քանի նիստերից, որոնք նման են դեպի առաջ սուրացող նավացռուկի, եւ կենտրոնացող կամարներից, որոնք միանում են սեւ մարմարից կետրված մարդու ֆիգուրի վերեւում:

 

Հուշահամալիրը, Պան Գի Մունի խոսքով՝ մարմնավորում Է նաեւ այն զգալի ավանդը, «որն ստրուկները եւ նրանց սերունդները ներդրել են հասարակության զարգացման գործում»:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, մարտի 25-ին իր հղած ուղերձում գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ստրկավաճառությունը խայտառակության բիծ Է համարել մարդկության պատմության մեջ, հավելելով, որ ստրկությունն աշխարհի տարբեր մասերում պահպանվում Է նաեւ այսօր հարկադրական աշխատանքի, մարդավաճառության, սեռական շահագործման կամ ստրկական պայմաններում բռնի պահելու տեսքով: