ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի քաղաքական դրդապատճառների մասին վարկածն այնքան արագ դրվեց շրջանառության մեջ, որ թվում է թե որոշ խմբավորումներ փորձում են հասարակական կարծիք ձևավորել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած մահափորձին:
Ըստ Ա. Բադալյանի՝ միակ խնդիրը, որը պետք է պարզել, այն է, թե սա քաղաքակա՞ն, թե՞ կենցաղային բնույթի մահափորձ էր, արդյոք ուզում էին սպանե՞լ, թե՞ վախեցնել: Սակայն, Բադալյանի խոսքերով, թեև կոպիտ կհնչի, բայց քարոզարշավում Պարույր Հայրիկյանի մասնակցությունը կամ չմասնակցությունը քաղաքական համայնապատկերի վրա չէր ազդելու:
«Տվյալ անձի քաղաքական կշիռն այնպիսին չէր, որ ձայների փոփոխության վրա ազդեր: Այդ իսկ պատճառով, եթե սա քաղաքական նպատակ ուներ, կարող ենք ենթադրել, որ տվյալ դեպքում Հայրիկյանն ընդամենը ֆիզիկական և ոչ թե քաղաքական թիրախն էր: Քաղաքական թիրախը պետք է այլ տեղ փնտրել, իսկ դա կերևա՝ կկարողանա՞նք գոնե ավելի տրամաբանական ու հավանական տեսակետներ առաջ քաշել»,- նշեց Արմեն Բադալյանը:
Հարցին, թե կասկածո՞ւմ է, որ մահափորձը քաղաքական դրդապատճառներ ունի, պատասխանեց, որ այնպես են բոլորն ասում, որ սա քաղաքական է, քաղաքական ուժերն են ետևում կանգնած, կարծես թե գիտեն՝ թե ով է դա պլանավորել, ինչու է պլանավորել: Ըստ նրա՝ այնքան արագ դրվեց այդ վարկածը շրջանառության մեջ, որ թվում է, թե որոշ խմբավորումներ փորձում են հասարակական կարծիք ձևավորել: Սա, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետի որակմամբ, տարօրինակ է:
Զուգահեռներ տանելով Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի և այս մահափորձի միջև՝ Ա. Բադալյանն ասաց, որ զուգահեռներ կան, իհարկե: «Բայց Հոկտեմբերի 27-ի թիրախները ֆիզիկական թիրախներ չէին, նրանք հենց քաղաքական թիրախներ էին և գիտեինք, որ Կարեն Դեմիրճյանից և Վազգեն Սարգսյանից շատ բան էր կախված ընտրական-քաղաքական կյանքում, սակայն կոպիտ չլինի՝ Պարույրը չունի այդ քաղաքական կշիռը»,- նկատեց Արմեն Բադալյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի