ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն ընդամենը ֆիզիկական թիրախ էր, իսկ նրա դեմ մահափորձի նպատակն էր, որպեսզի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի լեզուն կարճ լինի ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, Tert.am –ի հետ նման կարծիք հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ եթե չլիներ Պարույր Հայրիկյանը, ապա կլինեին նախագահի այլ թեկնածուներ Հրանտ Բագրատյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես առավել հայտնի թեկնածուներ։

«Ի՞նչ կա. կա այն, որ նախագահը չկարողացավ ապահովել նորմալ պայմաններ, այն, որ նախագահի քարոզարշավին ուժեղ հարված հասցվեց. հիշենք, որ նախագահի քարոզարշավի հիմնական մեսիջն է «Դեպի ապահով Հայաստան», իսկ հիմա ստացվում է, որ դու նախագահի թեկնածուների անվտանգությունը չես կարողանում ապահովել, ուր մնաց թե ապահով Հայաստան ես խոստանում»,- ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետը:

Նա հիշեցրեց մի քանի օր առաջ Աբովյանում նախընտրական հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի մեսիջը, որ պետք են նորմալ ընտրություններ, որպեսզի «իր լեզուն երկար լինի և՛ երկրի ներսում, և՛ դրսում»:

«Հիմա այդ կրակոցով նրա լեզուն կարճացրեցին»,- ասաց նա և հավելեց, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո, ըստ նրա, շատ մեծ աղմուկ եղավ, և ընտրական գործընթացը, որը սկզբում առանձնանում էր ոչ որակական, բայց քանակական մրցակցությամբ, հիմա իր խաղաղ լինելու առանձնահատկությունից էլ զրկվեց:

Այլապես մինչև ԱՄՆ պետդեպարտեմենտի խոսնակի մակարդակով հայտարարություններ չէին հնչի ու ռուսական լրատվամիջոցներով էլ այդքան աղմուկ չէր բարձրանա:

«Այստեղ հիմնականում աղմուկ էր պետք և այսպես ասած՝ վերջնականապես փչացնել ընտրարշավը, որովհետև Սերժ Սարգսյանն առաջին անգամ իշխանության գլուխ եկավ ոչ լեգիտիմ պայմաններում՝ «Մարտի 1-ից» հետո, այս անգամ էլ, ի սկզբանե, քաղաքական լեգիտիմություն չի ունենալու: Ոչ միայն կրակոցի, այլև ոչ մրցակցային ընտրությունների պատճառով: Այսինքն՝ կրկնակի պատճառներով»,-ասաց Արմեն Բադալյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակի փոփոխությանը, ապա այս առումով, ըստ քաղտեխնոլոգի, ոչինչ չի փոխվել, քանի որ ընտրությունների արդյունքն ինչպես կանխորոշված էր, այնպես էլ լինելու է, իսկ պատճառն այն է, որ Պարույր Հայրիկյանն այն քաղաքական գործիչն ու թեկնածուն չէր, ում շարքից հանելու դեպքում ընտրությունների արդյունքներում էական փոփոխություններ էին լինելու:

Արմեն Բադալյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը լրատվամիջոցների և քաղաքական գործիչների կողմից անմիջապես որակվեց որպես մահափորձ: Իբրև հակափաստարկ նա ասում է, որ վերջին 20 տարում, եթե Հայաստանում ցանկացել են սպանել, ապա սպանել են, և, հետևաբար, մեկնաբանությունները, որ հանցագործը վրիպել է, նրա ականջին այնքան էլ համոզիչ չեն հնչում:

«Եթե Ռուսաստանը որևէ մեկին ցանկանում է վերացնել, ապա վերացնում է: Եթե Արևմուտքն է ցանկանում վերացնել, վերացնում է», թեման ամփոփեց քաղտեխնոլոգը:

Իսկ հարցը, կհետաձգվե՞ն արդյոք ընտրությունները տասնհինգ օրով, թե ոչ, նրա համար այնքան էլ կարևոր չէ, որովհետև միևնույն է՝ եթե անգամ դրանք չհետաձգվեն էլ, ընտրարշավն այլևս չի կարող շարունակվել իր բնականոն հունով, քանի որ եղել է կրակոց ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի ուղղությամբ և այս իրադարձությունն այսպես թե այնպես գրանցվելու է ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական դիտորդական առաքելությունների եզրակացություններում :

«Որովհետև բոլորն էլ նշում են՝ թե՛ ռուսական, և՛ թե արևմտյան դիտորդները, որ Հայրիկյանն այն քաղաքական գործիչը չէր, որի ասպարեզից հեռանալն ընտրությունների վրա ազդեր: Սակայն իրավիճակը արդեն իսկ բացասական է գնահատվում»,- ասաց նա:

Այնպես որ, Արմեն Բադալյանը չի վստահում մահափորձի ռուսական հատուկ ծառայությունների վարկածին, քանի որ համարում է, որ երկու ուժերի՝ Արևմուտքի և ՀՀ ներքին ուժերի կողմից այս իրավիճակը հավասարապես կարող է օգտագործվել: