Այն պահից, երբ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իրենց թեկնածությունը չառաջադրեցին ՀՀ նախագահական ընտրություններին, հենց այդ պահից ընտրություններն ավարտվեցին: Նման կարծիք այսօր լրագրողներին հետ հանդիպմանը հայտնեց քաղաքական և ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ այս ընտրությունները կեղծվելու են միանգամից մի քանի կետերով:

«Փետրվարյան ընտրություններին տեղի է ունենալու նկարչություն: Դրանից առաջինը ընտրողների թիվն է: Որովհետև կանխորոշված ընտրություններին բավականին պակասելու է ընտրողների իրական թիվը: Այս անգամ կեղծվելու է նույնիսկ ընդդիմադիր որևէ գործչի թվերը՝ երկրորդ տեղում կդարձնեն կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանին, կա՛մ Հրանտ Բագրատյանին, որպեսզի արևմուտքին ցույց տան, որ Հայաստանում մրցակցություն գոյություն ունի»,- ասաց նա:

Նույն կարծիքի է նաև քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ով նշեց, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, և միակ խնդիրը լինելու է ընտրողների բավարար չափով մասնակցության ապահովումը:
«Այս ընտրությունները ամենախայտառակն են լինելու և նման են լինելու Թուրքմենստանի ընտրություններին, երբ բոլորը գիտեն, որ սիրելի առաջնորդն է ընտրվելու: Այս ընտրությունները ընդամենը երկրում կատարվող մի միջոցառման են նման»,-ասաց նա:

Արմեն Բադալյանը նշեց, որ իրականում իշխանությունները կցանկանային, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցեր ընտրություններին և պարտվեր, և ոչ թե ընտրություններից 2 ամիս առաջ կանխորոշված լիներ ելքը:

«Փետրվարի 18-ից հետո թուլանալու է Սերժ Սարգսյանի ազդեցությունը, քանի որ նրան մնալու է հինգ տարի: Յուրաքանչյուրն աշխատելու է իր համար և պայքարի մեջ կսկսեն մտնել ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն: Հինգ տարի հետո, մենք կտեսնենք իրական պայքար»,- ասաց նա: