Ֆրանսիայում տեղական իշխանության մարմինների ընտրությունների մարտի 29-ին կայացած երկրորդ փուլն ավարտվել է ձախ ուժերի պարտությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Աջ ուժերը հաղթանակ են տանում 64-70 դեպարտամենտներում: Ձախ ուժերին մնում է 37-ից ոչ ավելի դեպարտամենտ: Ազգային ճակատը նվաճում է երկու դեպարտամենտ: Այդ մասին վկայում են ընտրությունների նախնական արդյունքները, որոնք տարածել է CSA սոցիալական հետազոտությունների ինստիտուտը:

 

Դեպարտամենտների խորհուրդների ընտրությունները դիտարկվում են որպես ուժերի դասավորության ցուցանիշ ոչ միայն 2015 թվականի դեկտեմբերի տարածաշրջանային ընտրություններում, այլեւ 2017 թվականի նախագահական ընտրություններում: Այդ կապակցությամբ խորհրդանշական է սոցիալիստների կողմից Կորեզ դեպարտամենտի՝ նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքական վոտչինայի կորուստը:

 

«Միանգամայն ակնհայտ է, որ աջ ուժերը հաղթանակ են տարել դեպարտամենտների ընտրություններում»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը: «Ձախ ուժերը զգալիորեն զիջել են»,- հավելել է նա: Ընդսմին վարչապետն ընդգծել է, որ «դա Ֆրանսիայի քաղաքական իրադրության երկարաժամկետ փոփոխություն է»:

 

Իր հերթին «Միություն հաջակցություն ժողովրդական շարժման» կազմակերպության ղեկավար Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ «հանրապետական աջերը եւ կենտրոնամետները համոզիչ հաղթանակ են տարել դեպարտամենտների ընտրություններում»: «Նրանք իրենց պատմության մեջ դեռ երբեք այսքան զգալի արդյունք չեն արձանագրել»,- ասել է նա:

 

Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը շնորհակալություն է հայտնել ընտրողներին աջակցության համար: Նրա խոսքով՝ իր գլխավորած կուսակցությունը «կստանա ձայների մոտ 40 տոկոսը»: Նա նշել է, որ «Ազգային ճակատի այսօրվա արդյունքն ապագա նոր հաղթանակների գրավականն է»:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում որոշվում էր 2054 պատգամավորական մանդատներից 1905-ի պատկանելությունը: Նախնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50-51 տոկոսը, ինչը 1-2 տոկոսով է ավելի, քան առաջին փուլում: Միեւնույն ժամանակ դա նշանակում է, որ ընտրողների ակտիվությունն ավելի բարձր է եղել, քան կանտոնների՝ 2011 թվականի նախորդ ընտրություններում, երբ ընտրազանգվածի 56 տոկոսը չէր ցանկացել քվեարկել: