Երեկ, երբ հայկական լրատվամիջոցների քննարկաման գլխավոր թեման ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձն էր, կարծես թե ստվերում մնաց ամերիկյան The National Interest վերլուծական պարբերականի հոդվածը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Հեղինակը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նշել էր, որ Սիրիայից Աֆղանստան ձգվող կոնֆլիկտային շրջանում, չնայած Վաշինգտոնի, Մոսկվայի և Փարիզի միջնորդող փորձերին, կողմերը դեռ բանակցությունների մեջ չեն մտել, և վտանգ կա, որ պատերազմը նորից կվերսկսվի:
Վերլուծականում վտանգավոր տեսակետ կա, որն առաջարկում է Թուրքիային ներգրավել ԼՂՀ բանակցություններում՝ որպես հակակշիռ Ռուսաստանին, և վերլուծաբանն ամեն դեպքում հարցի լուծումը տեսնում է Ռուսաստանի կողմից:
«Ցավոք սրտի, հայ-ռուսական հարաբերություններն այնպիսին են, որ ցանկացած վերլուծաբանի համար այլընտրանք չի մնում: Այստեղ կա ճշմարտության շատ մեծ չափաբաժին: Իհարկե, ոչ թե ամբողջությամբ, բայց, այնուամենայնիվ, նշույլներ դեռ մնացել են»,-Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Միջազգային դիտորդները նշում են, որ վերջնական խաղաղության կարելի է հասնել միայն հողերի զիջումով: Սակայն այժմ երկու կողմերն էլ չեն ընդունում հողերի դիմաց խաղաղություն կարգախոսը,-ասվում էր վերլուծականում:
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ այն փաստաթղթերը, որոնք բանակցություններում շրջանառվում են, փոխզիջումային տարբերակներ են ենթադրում: «Սակայն մենք լավ գիտենք, որ Ադրբեջանը միայն ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով է առաջնորդվում. ինչն էլ բերում է նրան, որ որևէ կերպ հարցը լուծել չի ստացվում: Ռազմական դեմարկացիոն այն գիծը, որ ներկայումս հայկական և ադրբեջանական ուժերի մեջ կա, եթե դա այդպես էլ մնա ու դա էլ դիտվի որպես վերջնական տարբերակ, եթե դա այդպես էլ լիներ, ապա խաղաղությունը մինչ այժմ վաղուց արդեն կնքված կլիներ: Այնուամենայնիվ, ինչ-որ զիջումներ ենթադրում են, բայց զիջումներ ինչի՞ դիմաց, ես կարծում եմ այս բանաձևն առայժմ գոյություն չունի:
Այն, որ ըստ վերլուծաբանի՝ Լեռնային Ղարաբաղում կարող է ծավալվել տարածաշրջանային մեկ այլ պատերազմ, քաղաքագետը համաձայն չէ, քանի որ այդ պատերազմից օգուտներ ոչ մեկի մոտ չի տեսնում՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի, ո՛չ տարածաշրջանային, ո՛չ էլ արտատարածաշրջանային որևէ երկրի: Սա անկախ նրանից, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ միջադեպը տարածաշրջանում, բայց այնուամենայնիվ, այն կպայթեցնի հյուսիսային Կովկասը հենց Ռուսաստանի փորատակում, բացի այդ, այն անկանխատեսելի հետևանքներ կունենա էներգետիկ ծրագրերի վրա: Հաշվի առնելով, որ Մերձավոր Արևելքում ինչ-ինչ խնդիրներ կան, դա Թուրքիայի համար ընդհանուր մի շղթայի կվերածվի, կփաթաթվի ուղղակի Թուրքիայի գլխին, սա նրանք շատ լավ են հասկանում:
Վաշինգտոնն իր կողմից պետք է խրախուսի Ռուսաստան-Թուրքիա բանակցությունները՝ տարածաշրջանում պատերազմն ավարտելու համար. վերլուծականի այս տեսակետի վերաբերյալ քաղաքագետ Մեհրաբյանն ասաց, որ Վաշինգտոնը միշտ առաջնորդվում է բաց սահմաններ լինելու, տարածաշրջաններում նորմալ հարաբերություններ ունենալու ազատ առևտրի սկզբունքով: Սա, իհարկե, նրանց սկզբունքն է, և այս առումով մեր տարածաշրջանի մինչ այժմ որևէ բացառություն չի կազմել: Այնպես որ, այստեղ որևէ վատ բան չկա: Ռուս-թուրքական լավ հարաբերություններում Վաշինգտոնը ոչ թե սպառանալիք է ստեղծում, այլ հակառակը՝ նպաստում է, որ, ի վերջո, տարածաշրջանը բացվի: Մեր տարածաշրջանը մի՛ մոռացեք, և դրա մասին նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է ասել, որ կոմունիկացիոն առումով երևի աշխարհի ամենաֆրագմետացված, փակ տարածաշրջանն է, ոչ մի տարածաշրջանում այսքան կոնֆլիկտներ առանձին-առանձին չկան: Իսկ դա կոմունիկացիաների համար լրջագույն խոչընդոտ է, ինչպես նաև ապակայունացման մշտական օջախի դեր է կատարում:
Նելլի Ավետիսյան