Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հիշատակմանը նվիրված յուրօրինակ ցուցահանդես կկազմակերպվի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով massispost.com-ը, մեկ ամիս տևողությամբ ցուցահնդեսի մեկնարկը կտրվի ապրիլի 25-ին Լոս Անջելեսի «Գրանդ» զբոսայգում: «Այ(i)ականատես» խորագիրը կրող ցուցահանդեսի ժամանակ միմյանց հետ կապակցված ոչ համաչափ հուշարձանների վրա եռաչափ գրաֆիկայով կպատկերվեն Ցեղասպսանությունից ողջ մնացած ականատեսների լուսանկարները: Հուշարձանները չեն ունենալու ուղիղ անկյուններ, ինչը խորհրդանշելու է անհավասարակշիռ աշխարհը, որը մշտապես պատերազմի, էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի մեջ է: Դրանք ունենալու են 8-15 ոտնաչափ բարձրություն:

 

 

Ցուցադրության գաղափարի հեղինակներն են Արա Օշականը և Լևոն Պարյանը, ինչպես նաև ճարտարապետ Վահագն Թովմասյանը: «Այ(i)ականատես»-ը լինելու է իր տեսակի մեջ առաջին ցուցադրությունը «Գրանդ» զբոսայգում:

 

 

«Այս հիասքանչ ձեռնարկը հարգելու է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը և պատմելու է աշխարհին 20-րդ դարի ամենասարսափելի կոտորածներից մեկից ողջ մնացած ականատեսների պատմությունները»,- նշել է Լոս Աջելեսի կառավարիչների խորհրդի նախագահ Միքայել Անտոնովիչը: