Չինաստանը դիտարկում է անդրտիբեթյան երկաթուղին երկարացնելու եւ երկիրը հարեւան Նեպալի հետ միացնելու հնարավորությունը: Այդ մայրուղին կարող է անցնել Էվերեստի (Ջոմոլունգմա) տակով, ինչի համար կպահանջվի թունել կառուցել աշխարհի ամենաբարձր լեռան տակ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Չինաստանի գիտությունների ակադեմիայի երկաթուղային տրանսպորտի հարցերով փորձագետ Վան Մենշուն հայտնել է, որ ՉԺՀ-ն Նեպալի խնդրանքով արդեն սկսել է այդ նախագծի իրացման նախապատրաստական աշխատանքները, գրում է China Daily-ն: Ներկայում Չինաստանի եւ Նեպալի միջեւ երկթուղային հաղորդակցություն չկա:
«Երկաթգիծը հավանաբար հարկ կլինի անցկացնել Ջոմոլունգմայի տակով, եւ շինարարները ստիպված կլինեն մի քանի շատ երկար թունել փորել»,- նշել է գիտնականը: Նա հավելել է, որ բարդ տեղանքի պատճառով մայրուղով գնացքների երթեւեկության արագությունը կսահմանափակվի ժամում 120 կիլոմետրով:
Անցած տասնամյակում կառուցվել է Ցինհայ-տիբեթյան երկաթուղին, որը Տիբեթի հեռավոր շրջանները կապել է Չինաստանի մնացած մասի հետ: Մայրուղու վերջնական կետն այժմ Տիբեթի ինքնավար օկրուգի մայրաքաղաք Լհասան է:
Սպասվում է, որ մայրուղու լրակառուցման նախագիծը կավարտվի մինչեւ 2020 թվականը: Երկաթուղու երկարացումը թույլ կտա Նեպալի տացածքով ցամաքային հուսալի հաղորդակցությամբ կապել ասիական երկու խոշորագույն շուկաները՝ Չինաստանը եւ Հնդկաստանը:
Ցինհայ-տիբեթյան երկաթգիծն աշխարհի ամենաբարձրլեռնային երկաթուղին է: Երկաթուղային պաստառի ավելի քան 960 կիլոմետրը (դրա ընդհանուր երկարության մոտավորապես 80 տոկոսը) գտնվում է ծովի մակարդակից ավելի քան 4 կիլոմետր բարձրության վրա: