Գեղարքունիքի մարզում ապրիլի 13-ի գիշերվա եւ ցերեկվա ընթացքում տեղացած առատ ձյունը եւ ապրիլի 14-ի գիշերվա ընթացքում գրանցված սառնամանիքը չեն վնասել ծիրանենիների բողբոջները, որոնք նոր-նոր էին սկսել բացվել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի վաստակաշատ այգեգործ, պտղատու ծառատեսակների տնկիների արտադրությամբ զբաղվող Խաչիկ Տեր-Հովսեփյանը՝ ապրիլի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի պտղատու ծառատեսակներից առայժմ փոքր-ինչ բողբոջել են ծիրանի ծառերը, իսկ մնացած տեսակները դեռեւս գտնվում են ձմեռային հանգստի փուլում:»Անցած գիշեր մեզ մոտ դիտվել է մինչեւ 2 աստիճան սառնամանիք, որն էապես չէր կարող վնասել ծիրանենու նոր երեւացող բողբոջները: Եթե հերթական գիշերվա ընթացքում էլ չդիտվի մինչեւ 7 աստիճան սառնամանիք, ապա վստահաբար կարելի է ասել, որ ծիրանի բերքը Գեղարքունիքում այս տարի փրկված կլինի: Վերջին երկու տարում մարզում ծիրանի բերք առհասարակ չի եղել վերահաս սառնամանիքների եւ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

 

 

Խոսրով Խլղաթյան