Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում տեղացած առատ ձյան և տեղատարափ անձրևների պատճառով վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 10 հազար տուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Ավելի քան 10 հազար բաժանորդ էլեկտրաէներգիա չի ստանում տարածաշրջանում, հատկապես Աջարիայի վերին մասում: Արդեն տարվում են վերականգնողական աշխատանքներ: Պլանավորվում է էներգամատակարարումը վերականգնել մինչև օրվա վերջը»,-լրագրողներին հայտնել է Աջարիայի կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն: Ընդսմին, նրա խոսքով՝ հազարավոր բաժանորդներ զրկված են նաև ջրամատակարարումից:

 

Խաբաձեն հավելել է, որ Օզուրգեթի շրջանի Գուրիանտա գյուղում ափերից դուրս եկած գետը տապալել է էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետևանքով առանց լույսի է մնացել այդ շրջանի չորս գյուղերի շուրջ 5 հազար բաժանորդ:

 

Ձյան առատ տեղումները, ձնահողմը և տեղատարափ անձրևները արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են Աջարիայի տարածաշրջանում և Արևմտյան Վրաստանում: Անբարենպաստ եղանակը վնաս է հասցրել նաև Բաթում քաղաքին (Աջարիա): Ջրով ողողվել են տների ու շենքերի առաջին հարկերը: Նախնական տվյալներով՝ երեկոյան սպասվում է հինգբալանոց փոթորիկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: