Սիդնեյում եւ ափամերձ քաղաքներում ուժգին փոթորկի պատճառով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 130 հազար տուն: Ինչպես ապրիլի 21-ին հայտնել են օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչները, անցած գիշեր քամու պոռթկումների արագությունը հասել է վայրկյանում 37,5 մետրի: Մի շարք շրջաններում տեղատարափ անձրեւները հանգեցրել են հեղեղումներÕ «:
Ավստրալիայի՝ շուրջ 4,8 մլն բնակչություն ունեցող խոշորագույն քաղաքի փողոցներում ընկած են տապալված ծառեր, բազմաթիվ ավտոմայրուղիներում արգելափակված է երթեւեկությունը: Քաղաքի իշխանություններն անբարենպաստ եղանակի պատճառով փակել են դպրոցների մեծ մասը, չեն աշխատում բազմաթիվ խանութներ: Փրկարարները հայտնել են, որ անցած գիշեր ընդունել են օգնության ավելի քան 2,8 հազար հեռախոսազանգ: Հիմնականում մարդիկ հայտնել են իրենց տների վրա ընկած ծառերի, էլեկտրականության բացակայության, քամուց պոկված տանիքների մասին:
Պոռթկուն քամու եւ տեղատարափ անձրեւների պատճառով Սիդնեյում եւ նրա արվարձաններում փակվել է լաստանավային եւ երկաթուղային հաղորդակցությունը: Քաղաքի օդանավակայանն աշխատանքը շարունակում է առանց էական փոփոխությունների:
Ինչպես հայտնել են օդերեւութաբանները, ապրիլի 20-ը Սիդնեյում ամենաանձրեւոտ օրն է դարձել վերջին 13 տարվա ընթացքում. քաղաքում 119 միլիմետր տեղումներ են գրանցվել: Ընթացիկ ամիսն արդեն ամենաանձրեւոտ ապրիլն է ճանաչվել վերջին 17 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: