Այս տարի մայիսի 8-ին Երևանում տեղի կունենաINVEST ARMENIA 2015 բիզնես-ֆորումը, որը կազմակերպում է BPA ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ էկոնոմիկայի, սփյուռքի նախարարությունների աջակցությամբ, գլխավոր գործընկերն է Հայաստանի արդյունաբերողների և գործատուների միությունը:
168.am-ի հետ զրույցում BPA ընկերության նախագահ Վրույր Փենեսյանը նշեց, որ INVEST ARMENIA-ն դառնալու է ամենամյա ծրագիր, և, բացի բիզնես-ֆորումից, սեպտեմբերի 25-27-ին կկազմակերպվի նաև բիզնես էքսպո: Ըստ նրա՝ բիզնես-ֆորումին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել 22 երկրից սփյուռքահայ գործարարներ, նաև հրավիրվել են տարբեր երկրներից այլազգի գործարարներ. «BPA ընկերության նախաձեռնությամբ հանդիպումներ են կայանում ՀՀ տարբեր դասպանատների հետ, և դեսպաններն իրենց կողմից պատրաստակամություն են հայտնում գործարարներ բերել ՀՀ»:
Վ. Փենեսյանի խոսքով՝ ֆորումին ներկա կլինեն նաև Հայաստանի խոշոր գործարարները, պետական և մասնավոր հատվածների կողմից կներկայացվեն տարբեր ոլորտներ՝ գյուղատնտեսություն, տուրիզմ, հանքարդյունաբերություն, զբոսաշրջություն, բարձր տեխնոլոգիաներ, ոսկերչություն և ադամանդագործություն: Նա նշեց, որ խնդիրները կբարձրացվեն և հնարավորության դեպքում լուծումներ կգտնվեն: «Այսօր շատ արդիական է ներկայացնել երկրի ներդրումային պոտենցիալը և հնարավորությունները: Մենք բիզնես-ֆորումին կից կազմակերպելու ենք հայկական արտադրանքի ցուցադրություն, 30-ից ավելի լավագույն ընկերություններ կներկայացվեն, որպեսզի գործարարը, որ լսում է տարբեր ոլորտների մասին, շոշափելի պատկերացում ունենա, թե ինչ որակյալ արտադրանք ունենք»,- ասաց Վ. Փենեսյանը՝ հավելելով, որ նաև կլինեն դեմ առ դեմ հանդիպումներ, գործարարները կայցելեն գործարաններ և տեղում կծանոթանան արտադրական պրոցեսին, որպեսզի իրենց աչքով տեսնեն, որ 21-րդ դարին համապատասխան տեխնիկական հագեցվածություն կա:
Վ. Փենեսյանի խոսքով՝ բիզնես-էքսպոյի յուրահատկությունն այն է, որ ներկա են գտնվելու ոչ միայն այն ընկերությունները, որ տնտեսական լուրջ հաջողությունների են հասել, այլ նաև ընկերություններ, որ այս կամ այն հանգամանքից ելնելով՝ պատրաստ են իրենց բիզնեսը վաճառել. «Այսօր գիտենք, որ շատ կան թե´ արտադրական, թե´ ծառայությունների ոլորտի ընկերություններ, որոնց սեփականատերերը պատրաստ են մասամբ կամ ամբողջությամբ վաճառել: Մենք իրենց համար հարթակ ենք ստեղծում, որ գան ներկայացնեն իրենց բիզնեսը, և շատ յուրահատուկ լավագույն հնարավորությունն է օտարերկրյա ներդրողների համար, որ գան ու ծանոթանան ներդրումային դաշտին: Եթե վաճառում են բիզնեսը, չի նշանակում, որ վատ է իրավիճակը, այլ այդ պրակտիկան կա ամբողջ աշխարհում, և զարգացած երկրներում կան ընկերություններ, որ զբաղվում են պատրաստի բիզնեսի առքուվաճառքով»:
Մանրամասն` այստեղ