Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի բնակիչ Ջահան Դալլաքյանի բնակարանում ապրիլի 18-ի վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել, որը մարվել է աղետի վայր ժամանած հրշեջների ուժերով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, բռնկված հրդեհի պատճառով ամբողջությամբ այրվել է 170 քառակուսի մետր մակերես ունեցող բնակարանի հատակը, դռները, լուսամուտները, գույքը՝ պահարաններ, մահճակալներ, գորգեր, տեղաշորեր, հեռուստացույց: Բարեբախտաբար, հրդեհի պահին բնակարանում մարդ չի եղել, ընտանիքը մեկնել էր մայրաքաղաք: Բնակարանում բռնկված հրդեհը վաղ առավոտյան նկատել է հարեւանը, երբ գնացել է անասուններին կերակրելու:Հրդեհը շիջելու համար ժամանել է 2 մարտական հաշվարկ:
«Ջահան Դալլաքյանին պատճառվել է մեծ չափերի վնաս, որը նախնական ու մոտավոր հաշվարկներով կազմում է մոտ 5 միլիոն դրամ: Հավանական է, որ հրդեհը ծագել է էլեկտրական սարքերից կամ հոսանքից: Համայնքը կփորձի հնարավորինս օգնել տուժածին»,-նշեց Գուրգեն Բալյանը: