Եվրոպական միությունը հաստատակամորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և համանախագահների ջանքերին, որոնց նպատակն է առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համապարփակ խաղաղ բանակցություններով լուծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առնչությամբ ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) մամուլի խոսնակի տարածած հայտարարությունում:

 

«ԵՄ-ն պատրաստակամ է ապագայում էլ աջակցել հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասվում է հաղորդագրությունում:

 

ԱԳԵԾ-ը նաև վերաթարմացրել է նախկին տարիների ԼՂՀ ընտրությունների ժամանակ արված հայտարարություններն այն մասին, որ ԵՄ չի ճանաչում այն իրավական և սահմանադրական շրջանակը, որում դրանք իրականացվում են: Հայտարարությունում նշվում է նաև, որ այս գործընթացը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարավաղի ապագա կարգավիճակը կամ ազդել բանակցային գործընթացի վրա: