Հայ հեղափոխական դաշնակցության Երևանի կենտրոնի «Ռուբեն» կոմիտեն Աշխատավորների միջազգային օրվա առիթով իրազեկման ակցիա է կազմակերպել: Նրանք նպատակ ունեն թռուցիկների միջոցով մարդկանց ուշադրությունը գրավել աշխատանքային հարաբերությունների կարևոր ասպեկտներին, բարձրացնել աշխատավորների իրավագիտակցությունը: Հյուսիսային պողոտայում իրականացվող միջոցառման ժամանակ ցանկացողներին խորհրդատվություն է տրամադրում ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը: Մինչ իրազեկման ակցիան՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Երևանի կենտրոնի «Ռուբեն» կոմիտեության անդամ Մովսես Եսայանը նշեց, որ Հայաստանում աշխատողները քիչ են տեղեկացված սեփական իրավունքների վերաբերյալ: «Գործատուն չունի աշխատողների իրավունքների պաշտպանության անհրաժեշտ շահագրգռվածություն, արհմիությունները չեն գործում, աշխատողը մնացել է մենակ: Մենք այս նախաձեռնությամբ փո րձում ենք ուղղություն ցույց տալ նրանց, բարձրացնել աշխատողների տեղեկացվածությունը և փուլային գնալ մյուս խնդիրների լուծմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Մովսես Եսայանը:
Նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանն էլ հայտնեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության ու զբաղվածության խնդիրները ծառացած են ոչ միայն Հայաստանի առջև, այլև դրանք գլոբալ բնույթ են կրում: «Գործազրկության մակարդակը, ինչպես նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները համարվում են աշխարհի բոլոր երկրների սոցիալ-տնտեսական քաղաքականության առաջնային հարցերից: Նմանատիպ խնդիրների լուծումները տարբեր են, դրանք պետք է տեղայնացված լինեն»,-ասաց պաշտոնյան՝ հիշեցնելով, որ 2014 թվականի հունվարի 1-ից շրջանառության մեջ է մտել Աշխատանքային նոր օրենսգիրքը, որում կան լուծման նոր մոտեցումներ:
Անդրադարձ կատարելով հարցին, որ Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության մակարդակը բավականին բարձր է, Թադևոս Ավետիսյանը նշեց, որ պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որպեսզի աշխատանքային ոչ ֆորմալ հարաբերություններն ու ստվերային աշխատանքը չլինեն նպատակահարմար: Նրա խոսքով՝ անօրինական հարաբերություններն իրենց մեջ պարունակում են մի քանի ռիսկեր, որոնք ողղակիորեն առնչվում են ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուի շահերին:
«Օրինակ, Կենսաթոշակային բաեփոխումներն իրենց մեջ պարունակում են նման լուծումներ, աշխատողը պարզ հասկանում է, որ եթե չգրանցվի որպես աշխատող ու այսօր չկատարի այդ վճարները, վաղը չի կարող ապահովել իր ծերությունը»,-նշեց Թադևոս Ավետիսյանը:
Նա տեղեկացրեց, որ նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2008-2012 թվականներին տարեկան մոտ 500 աշխատանքային վեճեր են մուտք գործել դատարաններ, որոնց կեսը լուծվել է աշխատողի օգտին: Եղել են դեպքեր, երբ գործատուն է դատի տվել աշխատողին իր պարտավորությունները պատշաճ չկատարելու համար:
Հայաստանում և աշխարհի ավելի քան 140 երկրներում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը կամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Այն պատմության մեջ մտել է 1886 թվականից: Այդ ժամանակ էր, երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց՝ պահանջելով սահմանել 8 ժամանոց աշխատանքային օր: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889 թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել, երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և մի շարք այլ երկրներում: Դրանից հետո տարբեր պետություններ սկսեցին այդ օրը ներառել իրենց տոնացույցերում և բազմապիսի միջոցառումներ կազմակերպել՝ ամենատարբեր մասշտաբներով:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով ներկայում էլ ոչ աշխատանքային մայիսի մեկը նշվում է որպես Աշխատանքի օր: