Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնել է, որ Հայաստանը պատրաստվում է Սիրիայի Արաբական Հանրապետություն գործուղել բժիշկների, հումանիտար ականազերծման մասնագետների և նրանց անվտանգությունն ապահովող անձնակազմի։ Դեռևս չկա պաշտոնական տեղեկություն՝ ուղարկել են նրանց, թե ոչ։  Այս հարցով այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրակացնում մի խումբ ցուցարարներ

Ակցիայի նախաձեռնող, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կարծիքով՝ կոպտագույն քաղաքական սխալ է սակրավորներ Սիրիա ուղարկելը, և այն հարկադրում է ՀՀ-ին՝ որպես պետություն։

 

«Մեր փխրուն իրավիճակում դա ուղղակի խենթություն է։ Նոր կառավարությունը հռչակել է քաղաքացիական համերաշխություն, քաղաքական երկխոսություն, հասարակական փոխադարձ վստահություն, և մենք վստահ ենք, որ նման հարցերը պետք է քննարկվեն մասնագիտորեն, եթե ոչ ազգային մակարդակի վրա»,-նշեց Խզմալյանը։

Հարցին՝ կառավարությունից որևէ պատասխան ստացե՞լ են՝ նա նշեց, որ սեպտեմբերի 21-ին իրեն է մոտեցել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը և ասել, որ ակցիայի մասնակիցները թյուրիմացության մեջ են գցում մարդկանց։

«Ասաց՝ թյուրիմացության մեջ եք գցում՝ ասելով, որ չի կարելի հայ զինվորներին Սիրիա ուղարկել, քանի որ նրանք զինվոր չեն՝ սակրավոր են։ Ես ասացի՝ սակրավորը զինվոր չէ՞, գեներալն էլ է զինվոր։ Ասաց՝ բոլոր զինվորները զինծառայող են, բայց ոչ բոլոր զինծառայողներն են զինվոր։ Ես կարծում եմ՝ սա ուղղակի բառախաղ է։ Սա Պուտինի ճնշման տակ է կատարվում։ Ինձ համար՝ անհայտ, նեղ շահերի համար հակադրվել ողջ աշխարհին՝ մեղմ ասած՝ քաղաքական սխալ է»,-նշեց Խզմալյանը, հավելելով․ «Եթե կա խնդիր Արցախը ականազերծելու, ապա ինչո՞ւ հայ բանակի սակրավորները գնան Սիրիան ականզերծեն և ո՞ւմ համար, արդյո՞ք ոչ ռուսական և թուրքական տանկերի։ Սակրավորը հարձակման համար նախապայման ստեղծող զորամիավորում է»։

 

Տիգրան Խզմալյանը նաև ասաց, որ իրենց խմբում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը և զարմանք արտահայտեց, թե ինչու մնացած քաղաքական գործիչները լուրջ չեն անդրադառնում այդ խնդրին։