Անհետացած Boeing 777-ի ուղեւորների ավելի քան հարյուր հարազատներ բողոքի նստացույց սկսելու համար հավաքվել են Պեկինում Մալայզիայի դեսպանատան մոտ: Նրանց այդ քայլին Է դրդել այն, որ պաշտոնյաները հրաժարվել են հանդիպել ինքնաթիռի ուղեւորների ընտանիքների անդամների հետ, չնայած ավելի վաղ տված խոստումներին: Դեսպանատունը շրջապատված Է ոստիկաններով, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Անհետացած Boeing-ի ուղեւորներից մեկի ազգականը՝ Սթիվ Վանը, նշել Է. «Դեսպանատան եւ Malaysia Airlines ընկերության ներկայացուցիչները խոստացել Էին կանոնավոր հանդիպումներ եւ ճեպազրույցներ կազմակերպել ուղեւորների հարազատների համար, սակայն ոչ ոք ոչինչ չի անում: Մենք հարցեր ենք տալիս ավիաընկերությանը, իսկ այնտեղ պատասխանում են, որ որոնումներով զբաղվում Է կառավարությունը, ուստի հարցերը հարկավոր Է նրան տալ: Իսկ պաշտոնյաները պարզապես ոչինչ չեն ասում»:
Վանը նաեւ ընդգծել Է, որ դեսպանատան մոտ հավաքված մարդիկ չեն հեռանա, քանի դեռ մալայզիացիները չեն պատասխանել նրանց հարցերին:
MH370 չվերթն անհայտ կորել Է ավելի քան մեկ ամիս առաջ Քուալա-Լումպուրից Պեկին թռչելու ժամանակ: Նրա բեկորների որոնումները շարունակվում են Հնդկական օվկիանոսում, որտեղ, ինչպես ենթադրվում Է, խորտակվել Է ինքնաթիռը:
Ավելի վաղ The Guardian-ը գրել Է, որ Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են մալայզիական կորած Boeing 777-200-ի որոնման համար ուղարկել ավելի հզոր հիդրոլոկատոր: Bluefin 21 ստորջրյա ապարատն արդեն հետազոտել Է Ավստրալիայի արեւմտյան ափի որոնման գոտու ավելի քան 80 տոկոսը, որտեղ գրանցվել են այն ռադիոազդանշանները, որոնք, ենթադրաբար, ուղարկվել են կորած ինքնաթիռի «սեւ արկղերից» մեկից, բայց Boeing-ն այդպես Էլ չի գտնվել:
Ավստրալիայի պաշտպանության նախարար Դեւիդ Ջոնսթոնը հայտարարել Է, որ որոնումների համար կարող Է օգտագործվել ավելի հզոր հիդրոլոկատոր՝ նման այն հիդրոլոկատորին, որը 1985 թվականին Ատլանտյան օվկիանոսում գտավ «Տիտանիկը»: