ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը դրական է գնահատում ՀՀ կառավարության ներկայացրած նախագծերի փաթեթը, որով փորձ է արվում արտերկրում շինարարական ու շինմոնտաժային աշխատանքներում ներգրավված ՀՀ քաղաքացիների եկամտահարկն ուղղորդել ՀՀ բյուջե: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը' հավելելով, որ ներկայացված կարգավորումը դեռևս թերի է:
«Այն, որ ունենք գործազրկության հսկայական մակարդակ, փաստ է: Այստեղ հավելյալ անգամ որքան էլ շեշտենք, միևնույն է, պետք է հստակ գիտակցենք, որ այս նախագիծն ուղղված չէ այդ հարցի լուծմանը, այս նախագիծն այլ հարց է լուծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Արծվիկ Մինասյանը: Պատգամավորի խոսքով' արտերկրում և հատկապես Ռուստաստանի Դաշնությունում աշխատող բազմահազար ՀՀ քաղաքացիներ հանդիպում են բազմաթիվ ռիսկերի' կապված նրա հետ, որ նրանց աշխատանքային հարաբերությունները կանոնակարգված չեն, ու նախագիծը կարող է մի շարք հարցերի լուծումը տալ: «Եթե մեր ժամանավոր միգրանտները Ռուսաստանում փող են աշխատում, աշխատավարձ են ստանում, երբ Հայաստանում անցնում են կենսթոշակի, չեն կարողանում թոշակ ստանալ, որովհետև Հայաստանի բյուջե վճարում չեն կատարել: Երկրորդը' մեր բազմահազար քաղաքացիների մի շարք մտահոգությունները կապված են իրենց երաշխավորված աշխատավարձն ստանալու հետ: Հաճախ ենք հանդիպում դեպքեր, որ նրանք դժգոհում են, որ թեև աշխատել են, բայց պատշաճ ձևով նրանց վճարում չի կատարվել»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց, որ ներկայում բազմաթիվ են օրինակները, երբ որոշ մարդիկ բանվորական ուժ են հավաքագրում Հայաստանից, տանում են դրսում աշխատելու, ու այդ մարդիկ ոչ մի ձևով պաշտպանված չեն, ուստի, նախագիծը կարևոր է նաև նման խնդիրներին լուծում տալու տեսանկյունից:
Արծվիկ Մինասյանը նաև շեշտեց, որ իրենց խմբակցությունը կարծում է, որ կարգավորումը թերի է: «Ավելի արդյունավետ կլիներ նախագիծը, եթե դրանով կազմակերպության առջև, որ կազմակերպում է աշխատուժի արտահանումը, սահմանվեին որոշակի պայմաններ, այդ թվում' առողջապահական ապահովագրության իրականացում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ նախատեսվող 13 տոկոս եկամտահարկի սահմանումն այնքան էլ հստակ չէ: «Այն նույնականացվեց Ռուսաստանում եկամտային հարկի հետ, բայց կարող է այլ երկիր լինել, որտեղ ավելի ցածր կամ բարձր լինի եկամտահարկը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա առաջարկեց նախագծի փաթեթը երկրորդ ընթերցմանը ներկացնելիս նշյալ հարցերի առնչությամբ ճշտումներ իրականացնել: Արծվիկ Մինասյանը հավելեց, որ անհրաժեշտ փոփոխությունների դեպքում իրենք դեմ չեն քվեարկի նախագծին:
Մայիսի 5-ին հրավիրված արտահերթ նիստի օրակարգում էր «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու, ինչպես նաև «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: