Կառավարությունն ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Ըստ նախագծի, ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների որսի և/ կամ ոչնչացման դեպքում ՀՀ քաղաքացիները պարտավոր են ըստ հաստատված գնի՝ տուգանք վճարել:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց բնապահպան Սիլվա Ադամյանի հետ, ով կառավարության նման մոտեցումը որակեց՝ «ծիծաղելի». «Ինձ համար պրիմիտիվ ու ծիծաղելի օրինագիծ է և բացարձակապես համաձայն չեմ նման մոտեցման հետ: Այն կենդանիները, որոնք լուրջ մոտեցում են պահանջում, վտանգված են Հայաստանում, դրանց գնային սահմանները որոշված չեն: Եթե դրանց մասին չենք մտածում, ապա ի՞նչ ենք մենք անում: Մեզ հարիր չէ, որ նման գներ սահմանենք այդ կենդանիների համար: Բոլորն են կարևոր իհարկե, բայց մենք այնքան ուրիշ խնդիրներ ունենք, որոնց վերաբերյալ ոչ մի արձագանք՝ կառավարության կողմից չենք տեսնում»:

Ըստ բնապահպանի՝ կառավարության որոշումը պրիմիտիվ մոտեցում է. «ՀՀ-ն միացել է բազմաթիվ միջազգային կոնվենցիաների, որոնք օրենքով սահմանված կարգով վավերացրել է, սակայն դրանք չեն կիրառվում։ Չի կիրառվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին օրենքը։ Բոլոր տեսակի գործունեությունների ժամանակ հաշվի չեն առնվում ռիսկերը կենդանական աշխարհի մասով: Այ, սրա՛ մասին է պետք մտածել, հարգարժա՛ն կառավարություն»,- ասաց բնապահպանը։

Սոնա Հարությունյան