Ռուսաստանը Եվրամիությունից հրավեր է ստացել հունիսի 2-ին եռակողմ փորձագիտական խորհրդակցություններ անցկացնել Բրյուսելում Ուկրաինայի և ԵՄ-ի ասոցացման հարցով: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսեյ Լիխաչովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք հրավեր ենք ստացել եվրոպական կողմից հունիսի 2-ին փորձագիտական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: Կարելի է ասել, մենք դեռ չգիտենք ուկրաինացիների արձագանքը, մենք պատրաստ ենք հաջորդ շաբաթ մասնակցել այդ խորհրդակցություններին»,- լրագրողներին ասել է Լիխաչովը:
Նա հավելել է, որ խորհրդակցություններն անցկացվելու են Բրյուսելում:
«Մենք ելնում ենք նրանից, որ նախարարների մակարդակով վերջին խորհրդակցություններն առաջ քայլ են եղել, ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ոլորտներում Ռուսաստանի համար վտանգները նվազեցնելու ուղղությամբ պրակտիկ քայլեր ձեռնարկելու շուրջ»,- ասել է Լիխաչովը: