Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը դադարել է Twitter-ում հետևել երկրի ներկայիս նախագահ և իր վաղեմի ընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրառումներին, ավելին՝ նա սոցցանցում իր ընկերների ցուցակից ջնջել է Էրդողանի անունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը:
Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը նաև հայտարարել է, որ չի մասնակցելու Կոնստանդնուպոլիսը թուրքերի կողմից նվաճելու տարեդարձի համար իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կազմակերպելիք ամենամյա արարողություններին:
Միջադեպը դարձել է սոցցանցի թուրք օգտատերերի զվարճանքի պատճառ: Օրինակ՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածու Էրեն Էրդեմը Twitter-ում գրել է. «Աբդուլլահ Գյուլը unfollow է արել Էրդողանին: Բյուլենթ Արինչից (փոխվարչապետ) էլ spam ենք սպասում»:
Էրդողանի և Գյուլի հարաբերությունները վերջինիս նախագահության ավարտից հետո լարվել էին' կառավարության կողմից տարվող ներքին և արտաքին քաղաքականության հարցերի շուրջ տարակարծությունների պատճառով, ինչի վկայությունն այն է, որ վերջերս նրանք միմյանց հասցեին տարբեր երկիմաստ հայտարարություններ են հնչեցնում: