ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թեքսասի նահանգը հայտարարել է աղետի գոտի՝ կապված չդադարող հորդառատ անձրևների ու ջրհեղեղների հետ, որոնց հետևանքով նահանգում 24 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ Տան հաղորդագրությունը:

 

Մի քանի օր շարունակվող ջրհեղեղի պատճառով մոտ 40 մարդ համարվում է անհետ կորած: Սպիտակ տան հայտարարությունում ասվում է, որ աղետի գոտի հայտարարելուց հետո նահանգը միջոցներ կստանա նման նպատակների համար ստեղծված դաշնային հիմնադրամից: Այդ գումարները կուղղվեն աղետից տուժած բնակիչներին, բիզնես վնասներ կրած գործարարներին, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության ու էլեկտրականության մատակարարումների վերականգնմանը:

 

Աղետի հետևանքով մոտ 2 հազար բնակիչներ լքել են իրենց տները, մոտ 80 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, ճանապարհների մի մասը փակ է: