Չիլիի նախագահ Միշել Բաչելետը դեկրետ Է ստորագրել երկրի՝ ուժգին երկրաշարժից տուժած հյուսիսային շրջանները աղետի գոտի հայտարարելու մասին եւ հայտնել, որ առաջիկա ժամերին ուղեւորվելու Է այնտեղ, նախագահի ելույթը հաղորդել են չիլիական հեռուստաալիքները:
Նախագահի դեկրետի համաձայն՝ աղետի գոտի են հայտարարվել Արիկա ի Պարինակոտա, ինչպես նաեւ Տարապակա տարածաշրջանները: «Այդ տարածաշրջաններից յուրաքանչյուրում ստեղծվում են արտակարգ կոմիտեներ»,- ասել Է Բաչելետը, նշելով, որ առաջիկա ժամերին իրադարձությունների վայր կմեկնեն նաեւ ներքին գործերի նախարարը եւ զինվորական հրամանատարության ներկայացուցիչները:
Երկրաշարժից հետո Չիլիի իշխանություններն ապրիլի 2-ին չեղյալ են հայտարարել դպրոցական պարապմունքները: «Բնակչության անվտանգությունն ապահովելու համար մենք որոշեցինք չեղյալ հայտարարել ուսումնական բոլոր պարապմունքները առափնյա դպրոցներում», հայտարարել Է ՆԳ նախարար Ռոդրիգո Պենյաիլիլյոն:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, առնվազն հինգ մարդ է զոհվել, եւս երեքը՝ լրջորեն տուժել Չիլիի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի եւ դրան հաջորդած ցունամիի հետեւանքով: Զոհվածներից չորսը տղամարդիկ են, մեկը՝ կին:
8,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ապրիլի լույս 2-ի գիշերը Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի ափերի մոտ: Դրանից հետո Հարավային Ամերիկայի ծովափին մոլեգնել է ցունամին, որի ալիքների բարձրությունը առանձին տեղամասերում գերազանցել է երկու մետրը:
Ավելի վաղ իշխանությունները բնակչության տարհանում էին հայտարարել Չիլիի եւ Պերուի մի շարք ափամերձ շրջաններում: Չիլիի Արիկա նահանգում տեղի են ունեցել էլեկտրականության մատակարարման անջատումներ, սողանքներ եւ ոչ մեծ ավերածություններ:
Երկրաշարժից հետո կալանավորների զանգվածային փախուստ է տեղի ունեցել Չիլիի Իկիկե քաղաքի կանանց բանտից:
ՆԳՆ-ի տվյալներով՝ բանտից փախել է ավելի քան 300 կալանավոր: Առայժմ իշխանություններին հաջողվել է բռնել միայն 16 հանցագործի: Նախնական տվյալներով՝ ուղղիչ հիմնարկության շենքի մի մասը փլվել է ստորգետնյա ցնցման հետեւանքով, ինչը եւ հնարավոր է դարձրել զանգվածային փախուստը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: