Մայիսի 30-ին՝ ժամը 23.54-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ «Եղիցի լույս» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի Եսայան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Դռայվ 2014» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում «ՎԱԶ-2101» մակնիշի 34SM551 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Խ. Մ.) գազի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչից տեղում մահացել է գազալցակայանի աշխատակից Գ. Ս.-ը (ծնվ. 1960թ.), իսկ Մ. Խ.-ը (ծնվ. 1986թ.) հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, ապահովել տեղանքի լուսավորությունը և իրականացրել հերթապահություն:
Հիշեցնենք, որ ինչպես մայիսի 26-ին հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, մեկ այլ պայթյուն էր տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր՝ «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանին պատկանող գազալցակայանում, որի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել երեք քաղաքացի՝ գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանը, Հակոբ Հակոբյանի որդին՝ Արմեն Հակոբյանը և եղբայրը՝ նույն անվամբ՝ Արմեն Հակոբյանը: