Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել է տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներն ու թոռնիկները: Վաղ առավոտից նախարարության վարչական համալիրի տարածքը վերածվել է վառ ու գունագեղ հեքիաթային աշխարհի, որտեղ թևածում էին պարզությունը, անկեղծությունն ու բարությունը կամ, մեկ բառով ասած՝ մանկությունը:

 

 

Հեքիաթների սիրված հերոսները, գունավոր փուչիկները, երեխաների վառվռուն աչքերը, նրանց կարկաչուն ծիծաղը, պարզ ու միամիտ հարցերը, ինչպես նաև հայրենիքի վերաբերյալ յուրօրինակ պատկերացումներն ու անկեղծ բարեմաղթանքները բարձր տրամադրություն ու դրական լիցքեր են փոխանցել բոլորին:

 

 

Հեքիաթային տրամադրությունը լրացրել են «Արևներ» մանկական համույթի սաների կատարումները, գեղեցիկ շոու ծրագրերը, «Խաղաղությունը մեր աչքերով» կավճանկար-զվարճախաղը, Երևանի պետական կրկեսի մենակատարների, լարախաղացների ցուցադրությունները, ձիակառքը, ուրախ գնացքը, էկզոտիկ կենդանիների «Էկզոտարիում» կենտրոնի վարժեցրած կապիկն ու թութակները:

 

 

Մանուկներին շնորհավորել են նաև ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթի զինծառայողները, որոնց ռազմահայրենասիրական երգացանկն էլ, օրվա խորհրդին համահունչ, փոխարինվել է մանկական ուրախ ու զվարթ երգերով: