Եվրոպական Առաջին Ամառային խաղերի մրցակցային 6-րդ օրը' հունիսի 18-ին մեկնարկ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ:
Նրանցից 3-ը ազատ ոճի ըմբիշ են:
61 կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 23 տարեկանների այս տարվա Եվրոպայի չեմպիոն Վոլոդիա Ֆրանգուլյանը: 1/8-րդ եզրափակիչում նա ուժերը կչափի ադրբեջանցի Ալիևի հետ:
86 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի բազմակի մրցանակակիր Մուսա Մուրթազալիևը: 1/16-րդ եզրափակիչում նա կմրցի թուրք Բիլիջիի հետ:
Գերծանր քաշային կարգում էլ հանդես կգա Լևան Բերիանիձեն:
Մեր մարզիկը պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչից և ուժերը կչափի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Գացալովի հետ: Մրցման մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով առավոտյան 9-ին:
Ժամը 11-ի սահմաններում տատամի դուրս կգա թեքվանդիստ Արման Երեմյանը: Նրա առաջին փուլի մրցակիցը թուրք Յունուս Սարին է:
Բռնցքամարտիկ Նիկոլ Արությունովը հանդես է գալիս 81 կգ քաշային կարգում:
Վաղը ժամը 12-ի սահմաններում նա դուրս կգա ռինգ և կմենամարտի լեհ Յորդան Կուլինսկիի հետ. այս մասին ֆեսբուքյան իր էջում տեղեկացրել է Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: