Արարատյան Հայրապետական թեմն սկսում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական երկրորդ ծրագիրը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ երկրորդ անգամ ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ 2015թ. հանգանակվել է 50 միլիոն դրամ:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծրագրի պատասխանատու Շուշան Պետրոսյանը տեղեկացրեց,որ այս տարի հանգանակված գումարը կբաշխվի 2014 թվականի ծրագրում չընդգրկված, ինչպես նաև 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հակառակորդի հետ շփման գծում զոհված ժամկետային զինծառայողների ընտանիքներին, 2015թ. հունիսի 1-ի դրությամբ հաշվառված 1-ին խմբի զինհաշմանդամներին և 2010-2015թթ հունվարի 31-ի դրությամբ հաշվառված 2-րդ և 3-րդ խմբի զինհաշմանդամներին: Ընդհանուր թիվը կկազմի 361 ընտանիք:

 

Նշվեց նաև, որ օգնությունը տրամադրվելու է ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով:
Մեր բարեգործական ծրագրերը բազմաթիվ են և բազմատեսակ: Ունենք նաև ճամբարակյան ծրագիր, որով Ճամբարակի երեխաներին նվերներ են տարվում, և անգամ այդ երեխաներին հրավիրել ենք, և Երևան են եկել: Այդ երեխաները նշել էին, որ այդ օրն իրենց կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է եղել, քանի որ նրանցից շատերը չէին եղել մայրաքաղաքում:

 

Շուշանը նշեց, որ այս ծրագրերը շարունակական են լինելու, ինչպես թեմի սահմաններում, այնպես էլ թեմի սահմաններից դուրս:
Ասուլիսին ներկա Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ խոսելով ծրագրի կարևորության և դերի մասին՝ նշեց, որ սրանից բարի գործ անել չէին կարող:

 

«Հիմնականում ամենակարևոր պայմանը բարեգործությունն է, մենք ուզում ենք բարեգործության համար օրինակ տալ: Կարևոր հանգամանք է նաև ընտրված թիրախն է՝ մեր զինվորը, որոնց համար ինչ էլ անենք, դեռ քիչ է: Այս կերպ մեզ համար ի հայտ է գալիս կարիքավոր ընտանիքների մի ուրիշ խումբ և հոգևորականնները համայնքներում շարունակում են կապը պահել:

 

Հոգևոր առումով կարողանում ենք աջակից լինել, հաղորդակից լինել այդ ընտանիքներին: Ծրագրի շարունակականությունը կարևոր է նաև այս առումով»,- իր խոսքում նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: