Արևմուտքը մշտապես ձգտել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության, իսկ ՆԱՏՕ-ի ընդլայնումն ընդհանրապես չի եղել Մոսկվային վիրավորելու ու նրա շահերը ոտնահարելու փորձ: Այս մասին Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեր կողմից չի եղել վիրավորական մոտեցում: ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումը կայացրել են իրենք՝ անկախ ժողովրդավարական երկրները: Հենց Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի ու Էստոնիայի ժողովուրդներն են ցանկացել անդամակցել ՆԱՏՕ-ին: Մենք էլ չէինք կարող մերժել նրանց միայն նրա համար, որ նրանք գտնվում են այն տարածաշրջանում, որը Ռուսաստանը դիտարկում է որպես իր ազդեցության ոլորտ: Մենք պետք է մնանք ուժեղ և միաժամանակ բաց լինենք Ռուսաստանի հետ երկխոսության համար»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Սթոլթենբերգը դժգոհել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները, այդ թվում նաև՝ Գերմանիան, չեն շտապում ընդլայնել իրենց ռազմական բյուջեները՝ ինչպես դա պահանջում են ընդհանուր շահերը: