Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կժամանեն տարածաշրջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:

 

Նա նշել է, որ թեպետ չկա համանախագահների այցելության հստակ ժամկետ, սակայն Բաքվում Եվրոպական խաղերի բացման ժամանակ նրանք պայմանավորվածության են եկել առաջիկայում նորից վերադառնալ տարածաշրջան:

 

Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններ իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել հունիսի 9-ին: Նա հանդիպումներ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցող հայ մարզիկների հետ: Հայաստանից ԱՄՆ համանախագահը մեկնել էր Ադրբեջան՝ մասնակցելու հունիսի 12-ին Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը: