Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը հուլիսի 9-ին Մոսկվայում կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

 

«Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ առևտրատնտեսական և ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիոն համագործակցությանն ուղղված արդիական հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Հուլիսի 1-ին Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց էր ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկու երկրի կառավարությունների ղեկավարները քննարկել էին հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Զրուցակիցները կարևորել էին փոխգործակցության ակտիվացումը տարբեր ոլորտներում: Անդրադարձ էր կատարվել նաև հունիսի 25-26-ին Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին և համատեղ նախատեսվող նախագծերին ու ծրագրերին: