Աշխարհառչակ օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայայից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ը պատրաստվում է իր տխրահռչակ «սև ցուցակում» ընդգրկել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված ռուսաստանցի մեծահարուստ Գերման Ստերլիգովին:

 

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

 

 

Ադրբեջանն իր համար ծիծաղելի «սև ցուցակ» է հորինել, որում ներառում է Արցախ այցելած տարբեր երկրների պաշտոնյաներին, լրագրողներին, աշխարհահռչակ մարդկանց և անգամ ուսանողներին, որոնք, դրա համար, իբր, պետք է ստանան Բաքվի «թույլտվությունը»:

 

 

Գերման Ստերլիգովը, նրա կինն ու հինգ երեխաները երեք շաբաթ առաջ Ռուսաստանից տեղափոխվել են Արցախ: Հայտնի մեծահարուստը մտադիր է հիմնավորվել և նոր բիզնես սկսել Արցախում, ինչի համար հանձնարարել է իր օգնականներին վաճառել Ռուսաստանում իր ունեցվածքը:

 

 

Օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում վարպետության դասեր անցկացրած Լյուբով Կազարնովսկայային ևս այդ «սև ցուցակում» ընդգրկելու մասին:

 

 

«Սա այն հողն է, որտեղ պետք է ստեղծագործել, սա այն հողն է, որտեղ հիմա հանգիստ չէ, սակայն նման միջոցառումներով միայն կարելի է մարդկանց մոտ ճիշտ տպավորություն ստեղծել այն մասին, որ պետք չէ վախենալ Ղարաբաղ այցելելուց: Այստեղ կարելի է բացել հոգին և սիրտը և միասին արարել»,- Ստեփանակերտում հայտարարել է Կազարնովսկայան:

 

 

Աշխարհահռչակ երգչուհին հայտնել է, որ մտադիր է մոտ ժամանակում Արցախում ներկայացնել Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը, ինչպես նաև օպերային ստուդիա բացել Ստեփանակերտում:

 

 

Ադրբեջանի ԱԳՆ-ը տխրահռչակ «սև ցուցակը» սկսել է հրապարակել 2013 թվականից: 2015 թվականի հունիսի դրությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի անցանկալի անձանց ցուցակում ընդգրկված է 470 մարդ: Նրանց մեծ մասը հայտարարել է, որ իրենց համար միևնույն է Ադրբեջանի այդ ծիծաղելի ցուցակում հայտնվելը, քանի որ իրենք մարդասիրությունը վեր են դասում քաղաքականությունից: