Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղում Իսլամ Խանբաբաեւի տան բակում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Բաքվից ժամանած նրա հյուրի' Թունջայ Խանբաբաեւայի հայտնաբերած խոշոր տրամաչափի փամփուշտի պայթելու հետեւանքով վիրավորվել են 12-ամա Նարմին Բաբաեւան, նրա 8-ամյա եղբայրը' Թունջայը եւ գյուղի 44-ամյա բնակիչ Դուրդանա Նաղդալիեւան: Վիրավորները տեղափոխվել են Թովուզի հիվանդանոց: Նրանց վիճակը բավարար է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Ազադլըգ» թերթը' հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքում բերված հաղորդագրությանը, որով հերքվել է ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների կողմից միջադեպը որպես հայկական կողմից կատարված գնդակոծության հետեւանք ներկայացվելը:

 

Մասնավորապես, ադրբեջանական SalamNews գործակալությունը հայտնել է, որ շփման գծին մոտ գտնվող գյուղում երեք քաղաքացիները, իբր, վիրավորվել են «հայկական կողմից խոշոր տրամաչափի զենքից գնդակոծության արդյունքում»:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների այդ ապատեղեկատվությունը հերքել է նաեւ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Հնարավոր է' ադրբեջանական գյուղում ողբերգական միջադեպը զինամթերքի հետ անզգույշ վարվելու արդյունք է», -նշել է նա եւ ընդգծել, որ ադրբեջանական կողմի այդ լուրերը միանգամայն սադրիչ բնույթի ապակատեղեկատվություն են: