Իրանի միջուկային ծրագիրը կրել է և միշտ էլ կկրի բացառապես խաղաղ բնույթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջավադ Զարիֆը, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

 

 

«Իրանի միջուկային հավակնությունները միշտ էլ եղել են խաղաղ. թե՛ մեկ տարի առաջ և թե՛ տասը տարի առաջ,- ընդգծել է նախարարը:- Եվ տասը տարի հետո նույնպես դրանք (հավակնությունները) կմնան խաղաղ»: «Մենք չենք կարծում, թե միջուկային զենքը որևէ կերպ կամրապնդի մեր անվտանգությունը»,- հայտարարել է նա:

 

 

Զարիֆը նշել է, որ, իր տվյալներով՝ վերջին 10 տարում ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներն Իրանի տարածքում ավելի շատ տեսչական ստուգումներ են կատարել, քան որևէ այլ երկրում, բայց միջուկային զենքի առկայության նշույլ անգամ չեն գտել»: «Առաջիկա տասը տարում ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումների արդյունքը կլինի ճիշտ նույնը, քանի որ մենք շահագրգռված չենք միջուկային զենք ստանալու հարցում»,- ընդգծել է ԱԳ նախարարության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: