Ֆրանսիայում ազգային գլխավոր տոնի՝ Բաստիլի գրավման օրը, որը նշվում է հուլիսի 14-ին, խուլիգանները 721 ավտոմեքենա են հրկիզել:
Այս մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Վերջինիս տվյալներով՝ իրավակարգի պահապանները ձերբակալել են 603 մարդու: Ինչպես նշում են ՆԳՆ-ում, ավտոմեքենաների հրկիզումների թիվն այս տարի նախորդ տարիների համեմատությամբ աճել է 23 տոկոսով, իսկ ձերբակալվածների քանակը՝ 68 տոկոսով:
Հաշվի առնելով հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերվա իրադարձությունները, երբ շարունակվել են տոնական հանդիսությունները, ձերբակալվածների թիվը կազմել է 723:
Անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի խոշոր շատ քաղաքներում, մասնավորապես, Լիոնում: Այնտեղ հրկիզվել է մեծ գերշուկան, խուլիգանները հարձակվել են հրշեջների և ոստիկանության պարեկային ավտոմեքենաների վրա:
Բազմաթիվ միջադեպեր են տեղի ունեցել Փարիզի շրջանում, ամենից առաջ Սենի դեպարտամենտի՝ սոցիալապես անբարեհաջող Սեն Դենիում, որտեղ հրկիզվել են ոչ միայն խանութներ, այլև դպրոցական հաստատություններ: Այնտեղ ոստիկանությունը ձերբակալել է 110 մարդու, հաղորդել է ՏԱՍՍ-ը: