Ադրբեջանական նավթի գինը եւս մեկ դոլարով էժանացել է:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության մարկետինգի եւ տնտեսական գործողությունների վարչությունը:
Լոնդոնի սակարանում հուլիսի 23-ին տեղի ունեցած աճուրդին Azeri Light տեսակի նավթի մեկ բարելի գինը հուլիսի 21-ին եղածից 0,97 դոլարով կամ 1,65 տոկոսով նվազել է եւ կազմել 57,71 դոլար: Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 56,13 դոլար, իսկ Նյու Յորքի սակարանում WTI տեսակի նավթի մեկ բարելի գինը' 49,19 դոլար:
Փորձագետները կանխատեսում են, որ նավթի համաշխարհային գներն իջնելու են 40 դոլարից էլ ցածր եւ հայտնում, որ գների նվազումը տեղի է ունենում կանխատեսվածից ավելի սրընթաց: Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նույամին վերջերս հայտարարել էր, որ «Նավթ արտահանող երկրներ» կազմակերպությունը (OPEK) չի նվազեցնելու արդյունահանումը, եթե անգամ նավթի գներն ընկնեն մեկ բարելի դիմաց 20 դոլարի մակարդակի:
Նավթի գների անկման հիմնավոր պատճառը պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցումն է: OPEK-ի դեկտեմբերյան զեկույցում կանխատեսվում է, որ նավթի նկատմամբ պահանջարկը 2015 թվականին կլինի վերջին 12 տարվա մեջ նվազագույնը:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 32,29 դոլարով ցածր է: