Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնեցին հուլիսի 29-ին կենտրոնում 26-ամյա ծնդդկանի մահվան պատճառը: «Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի պետ Արմեն Մուրադյանն ասաց, որ Մերի Մարգարյանի մահվան պատճառ է դարձել հղիների մոտ հազվադեպ հանդիպող բարդությունը, որը զարգանում է կայծակնային արագությամբ:
«Ծննդկանը ծանր վիճակով ընդունվել է մեզ մոտ, կատարվել է անհապաղ կեսարյան հատում. Հիվանդի մոտ զարգացել է պոլիօրգանային անբավարարություն, երբ նրա մոտ առաջացել է լյարդ-երիկամային անբավարարություն և երկկողմանի թոքաբորբ: Արդյունքում հիվանդը մահացել է, իսկ երեխայի վիճակը, իմ ունեցած տվյալներով, շարունակում է մնալ ծանր», -ասաց Արմեն Մուրադյանը:
Մերի Մարգարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել հուլիսի 27-ին, նույն օրը նրան կատարել են անհապաղ կեսարյան հատում: Աղջիկը գտնվել է հղիության 35-րդ շաբաթում: Ծննդկանը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղից նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: