Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց ավստրիական «Վոլֆսբերգին»:
Դիմակայությունն ավարտվեց գերմանական թիմի հաղթանակով 5:0 հաշվով:
48-րդ րոպեին Մարկո Ռոյսը Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո բացեց հաշիվը, իսկ 64-րդ րոպեին Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկնապատկեց իր թիմի գոլային առավելությունը:
Այնուհետև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեթ-տրիկ ձևակերպեց: Կիսապաշտպանը նախ 73-րդ րոպեին հեղինակեց իր թիմի երրորդ գոլը, ապա աչքի ընկավ 82-րդ րոպեին,իսկ 4 րոպե անց հաշիվը դարձրեց 5:0:
Նշենք, որ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը:
Թիմերի միջև առաջին խաղում դորտմունդցիները հաղթել էին նվազագույն հաշվով: Երկու խաղերի արդյունքում գրանցվեց ընդհանուր 6:0 հաշիվը և «Բորուսիան» որակավորման հաջորդ փուլում պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: