wrestling.am Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաքաք Սարաևոյում շարունակվում է ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Իրենց մրցելույթներն ավարտեցին հունահռոմեկան ըմբիշները:
Այսօր գորգ ելած հայաստանցի ըմբիշներից բրոնզե մեդալին թերևս մոտ էր 46 կգ քաշային Սերգեյ Սիմոնյանը, սակայն երրորդ տեղի համար պայքարում նա պարտվեց ռուսաստանցի Ատմիր Կոտչևին: Սերգեյը տարավ երկու հաղթանակ և կրեց նույքան պարտություն ու բավարարվեց 5-րդ տեղով: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ ուզբեկ Տուրաբեկ Տիրկաշևը՝ եզրափակչում հաղթելով թուրք Կերեմ Քեմալին. տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
42 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը որակաորման փուլում պարտվեց ռուսաստանցի Աբու Մուսլիմ Ամաևին, սակայն քանի որ Ամաևը հասավ եզրափակիչ, Աշոտը մասնակցեց սփոփիչ գոտեմարտերի: Մխիթարյանը նախ 10:6 հաշվով հաղթեց Ղրղզստանը ներկայացնող Էրմեկ Կանիբեկին, ապա զիջեց ճապոնացի Կենսուկե Շիմիցուին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Այս քաշային կարգում հաղթող դարձավ իրանցի Ռոյա Մարզը՝ 2:1 հաշվով հաղթելով Ամաևին:
69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Ալեքսան Հարությունյանը: Նա որակաորման փուլում հեշտությամբ հաղթեց նորվեգացի Պեր Անդրես Կուրեին, ապա 9:0 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրի Վասետսկիին: Սակայն քառորդ եզրափակչում 1:2 հաշվով զիջեց ուզբեկ Աբուդակր Ալիմովին:
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ Սարաևոյում հանդես եկած 6 ըմբիշներից երեքին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Բրոնզե մեդալակիրներ դարձան Տիգրան Մինասյանը (54 կգ), Էդգար Թամազյանը (58 կգ), Մալխաս Ամոյանը (63 կգ):
Օգոստոսի 29-ին Սարաևոյի մրցագորգը կտրամադրվի ազատ ոճի ըմբիշներին: Հայաստանը Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ կներկայացնեն վեց ըմբիշներ: