Ադրբեջանը կվերանայի իր հարաբերությունները Եվրոպայի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

 

«Ադրբեջանի գծով Եվրախորհրդարանի կանխակալ բանաձեւի կապակցությամբ, որն ընդունվել է սեպտեմբերի 10-ին, Ադրբեջանը հետաձգել է ԵՄ հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի շրջանակում նախնական քննարկումներ անցկացնելու համար Եվրահանձնաժողովի պատվիրակության եկող շաբաթ նախատեսվող այցը Բաքու», -ասվում է հայտարարության մեջ:

 

Նման կերպ է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ Եվրախորհրդարանում երեկ ընդունված բանաձեւին, որում կոչ է արվում պատժամիջոցներ (ընդհուպ' քաղաքական) կիրառել պաշտոնական Բաքվի նկատմամբ մարդու իրավունքները կոպտորեն խախտելու համար:

 

Ավելին, Բաքուն Եվրամիությանը բացահայտ մեղադրել «հակադրբեջանականության» եւ «հակաիսլամիզմի» մեջ:

«Ընդհանուր առմամբ' հակաադրբեջանական եւ հակաիսլամական միտումների պատճառով մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքի մեջ:

 

Եվրախորհրդարանի բանաձեւի առնչությամբ անհեթեթ մեկնաբանություններով են հանդես եկել Ադրբեջանի իշխանության մի քանի «կարկառուն» ներկայացուցիչներ:

 

Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը «ԱզերԹԱջ»-ին հայտարարել է, թե «Եվրախորհրդանը կորցրել է իրականության զգացումը»:

 

Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության եւ պետականաշինության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին APA-ին տված մեկնաբանության մեջ ասել է, թե «պատժամիջոցների մասին Եվրախորհրդարանի կոչը ծիծաղելի է»:

 

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը հայտարարել է, թե «Եվրոպայի այդ առաջատար կառույցը, կարծես, տառապում է հակաադրբեջանական հիվանդությամբ»:

 

Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդն այսօր կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ' կապված Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի հետ: