Հաջորդ շաբաթ Ժնեւում Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցելու գծով աշխատանքային խնբերի հանդիպում կանցկացվի, որտեղ կվերսկսվեն համալիր բանակցությունները:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Fineco գործակալությունը, այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր բանագնաց, փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը:

 

 

«Զուգահեռ տեղի կունենան գյուղատնտեսությանն աջակցության գծով բազմակողմանի բանակցություններ: Արդեն մի քանի երկրներ մեզ հետ երկկողմ բանակցություններ անցկացնելու ցանկություն են հայտնել: Մասնավորապես, խոսքը ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Նորվեգիայի մասին է», -ասել է Մամեդգուլիեւը:

 

 

Ուշագրավ է, որ 2009-2013 թվականներին տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի իրագործմանը նվիրված համաժողովում Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը ԱՀԿ չի մտնում այն պատճառով, քանի որ փորձում է «պաշտպանել տեղական արտադրողի շահերը»: